Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ազատ, անկախ և միացյալ

Ազատ, անկախ և միացյալ
17.07.2009 | 00:00

ՊԱՏՄՎԱԾՔ
Վրեժ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

- Նրա աչքերին նայեք... Փա՛յլը, փայլը տեսնո՞ւմ եք,- ասաց իմ տեսած ամենափառահեղ թոշակառուն՝ մանկասայլակի գահավորակին բազմած թոռանս հայացքը որսալով,- նա՛ է, Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի նախագահը։
ՈՒզեցի հակաճառել ծերուկին, նախագահի թեկնածուի պապի իմ իրավասություններից օգտվելով՝ չեմուչում անել, ճշտել նորահռչակ նախագահի արտաքին քաղաքականության գերակայությունները, նստավայրի հարցը և որոշ մանրամասներ, բայց ինձ կոպտորեն լռեցրեց։
- Վերջ,- ասաց նա,- դու ընդամենը նախագահի պապ ես։ Այսօր, թերևս, դա մեծ բան է. «Միացյալի» պարագայում դա մանրուք է։
- Բաժ...բաժ...բի...բի...,- իր կարծիքը հայտնեց թոռս։
- Լսում եմ, պարոն նախագահ,- ասաց ծերուկը և շրջվեց խումբ-խումբ դոմինո, բլոտ և շախմատ խաղացող թոշակառուների կողմը,- նախագահն ասում է՝ վերջ տվեք այդ հիմարություններին, ասում է՝ առջևում բազում անելիքներ կան։
Շախմատ խաղացող ծերուկն իր հակառակորդին հայացքով ոչնչացնելով` ասաց.
- Նախագահը ճիշտ է ասում, ամեն մարդ իր խաղը պետք է խաղա։
- Թոշակառուի խաղը ո՞րն է, մեռնե՞լը,- ասաց հակառակորդը։
Նախագահի խոսնակ ծերուկը, որի հոնքերը ստվերում էին դեմքը՝ բացի քթից, զայրացած շուռ տվեց շախմատի տախտակը, հետո խառնշտորեց դոմինոյի խաղաքարերը։
- Թշվառականներ,- ասաց նա,- Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանը մեռնող թոշակառուների համար չէ, գնացեք ծերանոցներում սատկեք, գնացեք ձեր հարսների զզվանքը թեյի մեջ թաթախած հացի հետ լմլմացրեք։
Մեռնելու մասին ակնարկող թոշակառուն խաղաքար թագուհուն դողդոջուն ձեռքի մեջ շփելով` ասաց.
- Էլի անջատվեցի՞ր։
Աստված պահի այգու սեփականատիրոջը, որ թոշակառուներին հավաքատեղի էր հատկացրել։ Ճիշտ է, տեղը փոքր էր, բոլոր ծերերը չէին տեղավորվում խաղասեղանի շուրջը, և շատերը կանգնած էին հետևում խաղերին, բայց փաստը, որ իրենց հիշել են, երախտագիտությամբ էր համակել ծերերին։ Նրանք սրտատրոփ սպասում էին, թե երբ պետք է տերը պատգամավորության թեկնածու առաջադրվի, որ իրենց ձայներով երախտահատույց լինեն։ Ծերերի բարեկամի իր համբավն այգու տերը կրում էր արժանապատվորեն։ Ասում էր, որ իր մի կտոր հացը ինքը հանգիստ խղճով է ծամում, որ բոլոր գործատերերը եթե իր պես խղճմտանքով լինեն, երկիրը երկիր կդառնա։ Այնքան էր ինքն իր ասածից հուզվում, որ խոստանում էր տոնական օրերին իր այգու ծերերի համար անվճար սեղան գցել և իր խոստացածը կատարում էր։ Նրա երևակայությունը ծերերի «բեսեդկայի» (զրուցարանի) համար մի վահանակ էր հորինել, որի վրա մեծ-մեծ տառերով ռուսերեն գրված էր. «վպ րՏՐՌՑՖ»։ Շատ հարցեր էին քննարկվում այդ զրուցարանում, իշխանության և ընդդիմության հոգեմաշ հակամարտությունից սկսած, մինչև թանկացումներն ու մայրաքաղաքում բռնկած քամին, որի զոհ դարձան հիսունից ավելի հաստաբուն ծառեր։
Իշխանամետները պնդում էին, որ Հայաստանը ծաղկում է, ընդդիմադիրները՝ կործանվում։ Ծաղկող և կործանվող երկրի այս յուրահատուկ խորհրդարանում միայն մեկն էր, որ աջ ու ձախ ասպատակում էր։ Ընդդիմադիրներին ասում էր՝ թշվառականներ, իշխանամետներին՝ ողորմելիներ, և տարբեր քաղաքական հայացքներից կառչած ծերերը, որոնցից շատերը երբեմն չէին էլ հասցնում ավարտել նախադասությունը, տարակուսում էին՝ ո՞րն է ավելի վիրավորական։ Ըմբոստ ծերուկը նաև երախտամոռի համարում ուներ` այգու տիրոջ բարեգործությունները որակավորում էր որպես հացկատակություն։
- Թշվառականներ և ողորմելիներ, պատմության թերմացքի շուրջ խնջույքի եք նստել ու լմլմացնում եք։ Ո՛չ ծաղկեցնել գիտեք, ո՛չ էլ կործանել։ Բոլորդ էլ սատկելու եք` առանց տեսնելու և հասկանալու Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի նախագահին։
- Նյու...նու...բու...բու,- ասում է թոռս ու չանչերը խրում այտերիս մեջ։ Քերծվածքներից սկսում է արյուն ծորալ։
- Ճիշտ այդպես, պարոն նախագահ,- գոռում է ըմբոստ ծերուկը և մոլեգնում,- նախագահն ասում է, որ չի հանդուրժելու ձեր նվնվոցները։ Ասում է՝ ամեն ինչ հիշեք, որ մոռանաք ձեր ծերությունը։
Թոշակառուների խորհրդարանը հիշելու ավելի լավ բան չուներ, քան իր ծերությունը և միահամուռ որոշեց քրքջալ։
- Նախագահը ճանկռել է իր պապին,- ասաց շախմատիստ թոշակառուն և քրքջաց։
- Ճանկռել է... ճանկռել է,- ասացին մյուս ծերերն ու միացան նրան։
Ես թաշկինակով սրբում եմ այտերիս վրայով հոսող արյունը և փորձում զսպել թոռանս։
Ըմբոստ ծերուկը, ձեռքերը պարզած, զիլ ձայնով զբոսայգու անցորդներին է դիմում.
- Ժողովո՜ւրդ, մի՛ հավատացեք թերմացքի շուրջ խմբված ծերերի քրքիջին ու լացին։
Հարսներ ջան, ձեր հոգուն մեռնեմ, էս լմլմացնողներին մի խանգարեք, ով ապրելու է՝ կապրի, ով մեռնելու է` կմեռնի։ Եկեք, եկեք նայենք Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի նախագահի աչքերի փայլին։
- Վանդակը բացվել է,- ծիծաղը հազի մեջ խեղդելով և անտեսելով «վպ րՏՐՌՑՖ» զգուշացումը` ասաց շախմատիստը։
Ծերերը ավելի ոգևորությամբ սկսեցին քրքջալ։ Եղանակը կտրուկ փոխվեց։ Սկսեց թոն մաղել, և տապը, մայրաքաղաքի փողոցներից հավաքելով այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրեն, եկավ ու լցվեց զբոսայգու ծառերի հովին ապավինած երևանցիների մեջ։ Առաջինն այն զգացին երեխամայրերը, հետո սիրահար զույգերը, հետո զբոսայգու աշխատակիցները։ Ծերերը գրեթե չզգացին։ Նախ քրքջում էին, հետո էլ նրանց համար միևնույնն էր, թե այն որտեղ է իրենց գտնելու՝ տա՞նը, փողոցո՞ւմ, թե՞ զբոսայգում։
- Լյա...լու...բի...բի,- ընդհանուր իրարանցմանն արձագանքեց թոռս։
Նրա կոշկակապերն ամրացնելով` ես մանկասայլակը շրջեցի և առանց հրաժեշտ տալու փորձեցի հեռանալ։
- Սպասի՛ր,- գոռաց աշխարհի ամենաըմբոստ թոշակառուն,- ես նախագահին ասելու բան ունեմ։

Դիտվել է՝ 4092

Մեկնաբանություններ